en  fr  cs  de  et  el  es  ga  hr  it  pl  ro  sq  sk  sl  sv  nn  sr  bs  lt  mk  lb  nl  hy  pt  tr  da  bg  fi  hu  ka  lv  eu  ca  ru  gl

Լեզվական բազմազանության տոնում

Մարդկային պայմանը

Երկրագնդի վրա կա ավելի քան վեց միլիարդ բնակիչ, ովքեր խոսում են  6000-ից 7000 տարբեր լեզուներով: Որոշ լեզուներով խոսում են 100 միլլիոնավոր մարդիկ, ինչպես օրինակ անգլերենը կամ չինարենը, սակայն լեզուների մեծ մասով խոսում են ընդամենը մի քանի հազար, կամ շատ քիչ թվով մարդիկ: Փաստացիորեն աշխարհի լեզուների 96%-ով խոսում է բնակչության ընդամենը 4%-ը: Եվրոպացիները հաճախ այն տպավորությունն ունեն, որ իրենց մայրցամաքը, հատկապես Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի համեմատ, ունի բացառիկ մեծ թվով լեզուներ: Մինչդեռ ընդհանուր առմամբ ամբողջ լեզուների միայն 3%-ն է, այսինքն՝ մոտ 225 լեզուներ են բնիկ եվրոպական: Աշխարհի լեզուների մեծ մասը խոսվում է հասարակածի երկու կողմերի լայն տարածքում.
հարավ-արևելյան Ասիայում, Հնդկաստանում, Աֆրիկայում և հարավային Ամերիկայում: Եվրոպացիներից շատերը կարծում են, որ մի լեզու իմանալն է չափանիշ: Սակայն աշխարհի բնակչության կեսից մինչև երկու երրորդն ավելին շատ երկլեզու է այս կամ այն չափով, և մի զգալի մասը բազմալեզու է: Ուստի բազմալեզվությունն է ավելի շատ նորմալ մարդկային պայման, քան միալեզվությունը: Լեզուների և մշակույթների բազմազանությունը, ինչպես և կենսաբանական բազմազանության դեպքում, ավելի ու ավելի է դիտվում որպես մեր կյանքի բարեկացիկ կողմը: Յուրաքանչյուր լեզու ունի  աշխարհայացքի իր ուրույն ձևը և իր իսկ պատմության արդյունքն է: Բոլոր լեզուներն ունեն իրենց ինքնությունն ու արժեքը, և բոլորը հավասարապես համապատասխան են որպես արտահայտման եղանակ այդ լեզուներով խոսող մարդկանց համար: Համեմատական ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչ արագ են երեխաները խոսել սովորում, և որ ոչ մի լեզու ըստ էության մյուսից ավելի դժվար չէ:

Լեզվի կառուցվածքը

Լեզուն հնչյունների և նշանների պատահական դասավորվածությամբ համակարգ է, որն օգտագործվում է մի խումբ մարդկանց կողմից միմյանց հետ հաղորդակցվելու, մշակութային ինքնություն արտահայտելու, սոցիալական հարաբերություններ պահպանելու և հաճույք պատճառելու ( ինչպես, օրինակ, գրականության մեջ) նպատակով: Լեզուները միմյանցից տարբերվում են իրենց հնչողությամբ, քերականությամբ, բառապաշարով և խոսքային կառուցվածքով: Բոլոր լեզուներն էլ բավականին բարդ կառույցներ են: Ձայնավորների և բաղաձայների քանակը լեզվից լեզու տարբեր է՝ մեկ տասնյակից մինչև մոտ հարյուր: Եվրոպական լեզուներում այս թիվը միջին տեղում է, մոտ 25 հնչույթներից (օրինակ իսպաներենը) մինչ մոտ 60 (օրինակ իռլանդերենը): Այս հնչույթներն այբուբենում տարբեր (չափի/աստիճանի) ճշգրտությամբ են արտացոլված. որոշ այբուբեններում (օրինակ ուելսերենը) հնչյունների փոխակերպումը նշանների տեսքով շատ կանոնավոր է, իսկ որոշների դեպքում (օրինակ անգլերենը)՝ շատ  անկանոն: Քերականության մեջ ամեն լեզու ունի բառակազմության և նախադասությունների կառուցման հազարավոր եղանակներ: Յուրաքանչյուր լեզու ունի շատ լայն բառապաշար կիրառողների կարիքները բավարարելու համար, եվրոպական լեզուների դեպքում, որոնք ունեն գիտական և տեխնիկական լայն բառապաշար,  բառերի և արտահայտությունների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Յուրաքանչյուր անձ գիտի և օգտագործում է լեզվի ամբողջ բառապաշարի ընդամենը մի մասը: Կրթված մարդկանց ակտիվ բառապաշարը կարող է բաղկացած լինել 50.000 բառից, իսկ պասիվ բառապաշարը, որը ներառում է այն բառերը, որոնք մարդիկ գիտեն, բայց չեն օգտագործում, փոքր-ինչ ավելի մեծ է: Ամենօրյա զրույցներում հաճախ ավելի սահմանափակ թվով բառեր են օգտագործվում, բայց մեծ հաճախականությամբ: Հաշվարկված է, որ 21 տարեկան հասակում մարդն արդեն արտաբերել է մոտ 50 միլլիոն բառ: Կենդանի լեզուներն ու մշակույթները հարափոփոխ են: Մարդիկ միմյանց հետ փոխազդեցության մեջ են մտնում խոսելու և գրելու միջոցներով: Նոր լրատվամիջոցները, ինչպես, օրինակ, ինտերնետն է, լեզուներին զարգացման նոր հնարավորություններ է տալիս: Լեզուները միմյանց հետ շփման մեջ են և միմյանց վրա ազդում են տարբեր ձևերով, հատկապես փոխառված բառերի միջոցով: Անգլերենը, օրինակ, դարերի ընթացքում 350-ից ավելի լեզուներից փոխառել է բառեր, և ներկայումս եվրոպական լեզուներն անգլերենից փոխառված շատ բառեր ունեն:

Լեզվի ձեռքբերում

Մայրենի լեզուն սովորելը երեխայի մոտ տեղի է ունենում գլխավորապես իր կյանքի առաջին հինգ տարիների ընթացքում, սակայն որոշ կողմերի ձեռքբերումը (հատկապես բառապաշարի բնագավառը) անդադար շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:  Լեզվի զարգացումն ընթանում է մի քանի փուլերով: Առաջին տարվա ընթացքում երեխան տարբեր ձայներ է արտաբերում, որտեղից էլ զարգանում են ռիթմի և հնչերանգի կառուցվածքը, ապա ձայնավորներն ու բաղաձայները: Մոտ մեկ տարեկան հասակում երեխան արտաբերում է առաջին հասկանալի բառերը, երկու տարեկանում՝ երկբառանոց կապակցություններ, այնուհետև աստիճանաբար անցում է կատարվում երեք և չորս բառերից կազմված կապակցություններին: Եռամյա և չորսամյա երեխաները կազմում են ավելի ու ավելի երկար ու բարդ նախադասություններ: 18 ամսից մինչև 5 տարեկան եղած ժամանակահատվածում  բառապաշարը 50 բառից հասնում է մի քանի հազար բառի: Մայրենի լեզուն համարվում է առաջինը սովորած կամ նախնական լեզուն: Դա այն լեզուն է, որը մարդիկ ամենալավը գիտեն և ամենաշատն են օգտագործում կամ որին ամենաշատն են նույնացվում: Երկու լեզվով խոսող որոշ մարդկանց դեպքում երկու լեզուներ սովորելն այնքան փոխկապակցված է եղել, որ դժվար է լինում տարբերակել դրանք որպես առաջին կամ երկրորդ լեզու: Սակայն երկլեզվության մեծամասնության դեպքում տարբերակումը հստակ է, քանի որ երկրորդ կամ երրորդ լեզուն սովորել են դպրոցում կամ կյանքի ավելի ուշ ժամանակաշրջանում: Այլ լեզու սովորելու համար տարիքային սահմանափակում չկա: Երկլեզվությունը բարդ երևույթ է: Տարածված առասպել կա, որ երկու լեզվով խոսող անձը երկու լեզվին էլ հավասարաչափ է տիրապետում, այնինչ հազվադեպ է լինում, երբ այդ երկու լեզուների տիրապետումը հավասարակշվռած է: Նույնը չի կարելի ասել նաև այն խնդրի վերաբերյալ, որ երկու լեզվով խոսող մարդիկ նույն լեզվաբանական գիտելիքներն ունեն, քանի որ  երկլեզվության դրսևորման ձևերը տարբեր են: Որոշ մարդիկ երկու լեզուներին տիրապետում են այնպես, ինչպես իրենց մայր լեզվին, իսկ ոմանք էլ այդ երկու լեզուներից մեկում ունեն արտահայտված օտարերկրացու ակցենտ: Ոմանք երկու լեզուներով էլ վարժ են կարդում, ոմանք էլ՝ միայն մեկ լեզվով: Ոմանք նախընտրում են գրել մի լեզվով, իսկ խոսել՝ մյուսով: Երկլեզվությունը մի շարք առավելություններ է ընձեռում: Այն մեծացնում է  այլ լեզուները հեշտությամբ սովորելու հնարավորությունը: Երկրորդ լեզու սովորելը որոշ չափով դյուրին է դարձնում երրորդ լեզվի ձեռքբերումը: Երկլեզվությունը կարող է որոշակի առավելություն ունենալ մտածողության համար. հավաստել են, որ երկլեզվության դեպքում մարդիկ  ճանաչողական ունակությունների վաղ զարգացման շրջանում ավելի արագ են առաջադիմում, քան միալեզու մարդիկ, և որ նրանք ավելի շատ են ստեղծագործ իրենց լեզվական  կարողությունների մեջ: Երկու լեզու տիրապետող մարդիկ հաղորդակցման ավելի լայն շրջանակ ձեռք բերելու հնարավորություն ունեն: Նրանք կարող են երկու մշակույթներին սերտորեն առնչվել, և այդ կարողությունը բերում է հաղորդակցման ավելի մեծ զգայունության, ինչպես նաև մշակութային սահմանների հաղթահարման ու մշակութային կամուրջների կառուցման: Կան նաև որոշ կարևոր գործնական կողմեր. երկու լեզվի տիրապետողները տնտեսական առումով առավելություն ունեն, քանի որ իրենք ավելի շատ աշխատանքի ընտրություն ունեն: Նմանապես, հայտնի է, որ բազմալեզու կազմակերպություններն ավելի մեծ մրցակցային առավելություն ունեն, քան միալեզուները:

Լեզվաընտանիքներ

Լեզուները փոխկապված են միմյանց, ինչպես ընտանիքի անդամները: Իրենց միասնական ծագման պատճառով եվրոպական լեզուների մեծ մասը համախմբված է հնդեվրոպական լեզվաընտանիքում: Եվրոպական լեզվաընտանիքում մեծ խումբ են կազմում գերմանական, ռոմանական և սլավոնական լեզուները, և որոնցով խոսում են մեծ թվով մարդիկ: Գերմանական լեզվաընտանիքն ունի հյուսիսային մի ճյուղ,  որը ներառում է դանիերենը, նորվեգերենը, շվեդերենը, իսլանդերենը, ֆարոյերենը, ինչպես նաև արևմտյան ճյուղ, որը ներառում է գերմաներենը, հոլանդերենը, ֆրիզերենը, անգլերենը և իդիշ լեզուն: Ռոմանական լեզվաընտանիքին են պատկանում  ռումիներենը, իտալերենը, կորսիկերենը, իսպաներենը, պորտուգալերենը, կատալաներենը, ակվիտաներենը, ֆրանսերենը, ռոմանշերենը, լադիներեն և սարդիներեն լեզուները:  Ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը, լեհերենը, սորբերենը, չեխերենը, սլովակերենը, սլովեներենը, սերբերենը, խորվաթերենը, մակեդոներենը և բուլղարերենը պատկանում են սլավոնական լեզվաընտանիքին: Կելտական լեզվաընտանիքին են պատկանում իռլանդերենը, շոտլանդական գաելերենը/կելտերենը, ուելսերենը և բրետոներենը, և  նկատելի է կորներեն ու մանքս լեզուների վերածնունդը: Լատվիերեն և լիտվերեն լեզուները պատկանում են բալթյան լեզվաընտանիքին: Հունարենը, ալբաներենը, հայերենը կազմում են յուրաքանչյուրն առանձին ընտանիք: Բասկերենը բացառիկ դեպք է. այն չի պատկանում հնդեվրոպական լեզվաընտանիքին, և նրա ծագումն անհայտ է: Այլ լեզվաընտանիքները նույնպես ունեն իրենց պատկանող լեզուներ: Հյուսիսում ուրալական լեզուներն են ֆիններենը, էստոներենը, հունգարերենը, որոշ սամի լեզուներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մասերում խոսվող այլ լեզուներ, ինչպիսին են ինգրիերենը և կարելերենը: Հարավ-արևելյան մասում կան ալթայիկ լեզվաընտանիքի ներկայացուցիչներ, որոնցից հայտնիներն են հատկապես թուրքերենն ու ադրբեջաներենը: Կովկասյան լեզուներով խոսում են Սև և Կասպից ծովի միջև գտնվող համեմատաբար փոքր տարածքում. այս լեզվաընտանիքին է պատկանում մոտ 40 լեզու, այդ թվում՝ վրացերենն ու աբխազերենը: Աֆրո-ասիական ընտանիքին են պատկանում մալթերենը, եբրայերենը և բերբերերենը: Բոլոր այս լեզուներում օգտագործվում են քիչ թվով տառեր: Լեզուների մեծամասնության տառատեսակը/գիրը ռոմանական (լատիներեն) է: Ռուսերենի և որոշ սլավոնական լեզուների այբուբենը կիրիլական է: Հունարենը, իդիշը, հայերենը և վրացերենն ունեն իրենց ուրույն գիրը: Եվրոպայում տարածված ոչ եվրոպական լեզուներին են պատկանում արաբերենը, չինարենը, հնդկերենը, որոնք ունեն իրենց գիրը:

Եվրոպայի լեզուները

Հաշվարկումները տարբեր են, սակայն ընդհանուր առմամբ կա 225 բնիկ լեզու, որոնցով դեռ խոսում են: Եվրոպայում 5 ամենահաճախ գործածվող մայրենի լեզու համարվող լեզուներն են ռուսերենը, գերմաներենը, անգլերենը, ֆրանսերենը և իտալերենը: Սակայն եվրոպական շատ այլ երկրներում գործածվում են շատ լեզուներ: Բացառություն են կազմում փոքր պետությունները, որոնցից են Լիխտենշտայնը կամ Մայր Աթոռը (Վատիկան), սակայն անգամ այնտեղ հաճախ խոսում են երկրորդ լեզվով: Եվրոպական մշակութային համաձայնագրի 49 պետություններն ունեն 41 պետական կամ ազգային լեզուներ, և շատ այլ լեզուներ ունեն հատուկ կարգավիճակ: Երկրներից շատերում խոսում են մի շարք ավանդաբար գործածվող փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուներով: Ամենաշատ թվով լեզուներ, որոնց քանակը ըստ մինչ այժմ հաշվարկված չափանիշների 130-ից 200 է, կան Ռուսաստանի Դաշնության տարածքում: Որոշ փոքրամասնությունների  և տարածաշրջանային լեզուներ ստացել են պետական լեզվի կարգավիճակ, ինչպես, օրինակ, Իսպանիայի շրջաններում խոսվող բասկերենը, կատալաներենը և գալիսերենը: Միացյալ Թագավորությունում ուելսերենը,  Նիդեռլանդներում՝ ֆրիսերենը, իսկ Նորվեգիայում, Շվեդիայում ու Ֆինլանդիայում՝ սամի լեզուները պաշտպանված են: Ամբողջ աշխարհից ներգաղթողների և փախստականների հոսքի հետևանքով Եվրոպայում բազմալեզվության թիվն աճել է: Լոնդոնում, օրինակ, ընտանիքները խոսում են ավելի քան 300 լեզվով: Մեծ քաղաքներից շատերում, հատկապես արևմտյան Եվրոպայում, դպրոցի շրջանակներում որպես մայրենի լեզու  հեշտությամբ խոսում են 100-ից 200 լեզուներով: Ամենահաճախ խոսվող լեզուներն են արաբերենը, բերբերերեն-թուրքերենը, քրդերենը, հնդկերենը, պանջաբերենը և չինարենը: Սակայն, այնուամենայնիվ, այս լեզուներից շատերով խոսում են փոքրամասնությունները, և դրանց ապագան  վտանգված է: Երեխաների և ծնողների միջև ամենօրյա ոչ ֆորմալ շփումը լեզվի գոյատևման համար էական դեր ունի: Ըստ մասնագետների գնահատումների՝ աշխարհի լեզուների առնվազն կեսը կամ ավելին այս դարի ընթացքում կվերանա: Երկու սերունդների հերթափոխի ընթացքում լեզուն կարող է ամբողջովին վերանալ, եթե այն չփոխանցվի երեխաներին: Լեզվի վերացման համար հիմք կարող են հանդիսանալ շատ պատճառներ, այդ թվում՝ համայնքի կամ կենսատարածքի ֆիզիկական ոչնչացումը (շրջակա միջավայրի ճգնաժամի կամ համաճարակի հետևանքով), քաղաքական խմբերի ակտիվ հակամարտությունները և հավանաբար ավելի հաճախ հանդիպող դեպքը՝ ավելի հզոր և տարածված լեզուների տնտեսական և մշակութային գերիշխումը: Սակայն, ամեն դեպքում, արդյունքը միևնույնն է. մարդկությունը կորցնում է իր բացառիկ ռեսուրսը: Եվրախորհրդի կատարած աշխատանքի շնորհիվ 1988 թվականին ուժի մեջ մտավ երկու կարևոր միջազգային համաձայնագիր: Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան գործում է 22 անդամ երկրներում, և ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան, որը պարունակում է փոքրամասնությունների վերաբերյալ որոշ դրույթներ, գործում է 39 անդամ պետություններում: Այս պայմանագրերը կարևոր են Եվրոպայի լեզուների հարստության պահպանումը խթանելու և պաշտպանելու համար (վավերացումներ 2007 թվականին): 21-րդ դարասկզբին բոլոր եվրոպացիներն ապրում են բազմալեզու միջավայրում: Իրենց առօրյայում, օրինակ, ավտոբուսում կամ գնացքում, հեռուստացույցի, ռադիոյի ու թերթերի միջոցով հաճախ կարելի է հանդիպել բազմաթիվ լեզուներով խոսող մարդկանց: Անհրաժեշտ է բարձրացնել Եվրոպայի լեզվական բազմազանության վերաբերյալ գիտելիքների և հասկացողության մակարդակը և ամրացնել այն գործոնները, որոնք ազդում են դրանց ամրապնդման և զարգացման վրա: Անհրաժեշտ է արթնացնել լեզուների հանդեպ մեծ հետաքրքրություն և հետաքրքրասիրություն և խթանել հանդուրժողականությունն ազգերի միջև: Սրանք 2001 թվականին Եվրախորհրդի և Եվրամիության կողմից կազմակերպված լեզուների եվրոպական տարվա նպատակներից մի քանիսն են միայն: Տարվա միջոցառման վերջում Եվրախորհրդի նախարարների կոմիտեն որոշեց սեպտեմբերի 26-ը հռչակել լեզուների եվրոպական օր՝ որպես վերոնշյալ նպատակների համար նշվող ամենամյա տոն: